ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի վերջին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի վերջին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը այսօր Երեւանում կայացած Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, քվերակությունը հետաձգվել է Սենատում կայացած լսումների կապակցությամբ, որի ժամանակ թեկնածուին մի շարք հարցեր են տրվել` Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման եւ Հայաստանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ:



Ավելի վաղ PanARMENIAN.Net ին ANCA-ում հաղորդել էին, որ քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի հուլիսի 4-ի Անկախության օրվա կապակցությամբ արձակուրդից հետո:



Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումներ կայացան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման շուրջ: Սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը երկու անգամ վետո էր դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանությունը մերժելու պատճառով, մանրամասն հարցաքննել է Յովանովիչին այդ պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, ներկայացնելով Պետդեպարտամենտի այդ ժամանակվա` 1915թ. փաստաթղթերը եւ համեմատելով դրանք նրա պատասխանների հետ:



«ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայսրությունում մեկ եւ կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերին այդ Հիշատակի օրը»,-ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչը



«Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է` հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը»,-ասել է Մարի Յովանովիչը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---