Վրաստանում կարմրուկից մահվան դեպքեր են եղել. ԱՆ-ը հորդորում է պատվաստվել

Վրաստանում կարմրուկից մահվան դեպքեր են եղել. ԱՆ-ը հորդորում է պատվաստվել

PanARMENIAN.Net - Եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում, կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել: 2019-ի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով:

Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան է, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի թիվն այնտեղ բավական բարձր է: Կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:

Վերջին տարիներին Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է եղել, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվել են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---