ՄԻՊ. Պետմարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու բողոքներն ավելի քան կրկնպատկվել են

ՄԻՊ. Պետմարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու բողոքներն ավելի քան կրկնպատկվել են

PanARMENIAN.Net - 2018-ին պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ բողոքներն ավելի քան կրկնպատկվել են: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո։

Մասնավորապես, եթե 2016-ին ստացվել է քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ 38 բողոք, 2017-ին՝ 46, ապա 2018-ին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։

Եթե 2016-ին բողոքների հիմնական մասն վերաբերել է պաշտպանության նախարարությանը, կառավարության աշխատակազմին և Քննչական կոմիտեին, ապա 2017-ին՝ ոստիկանությանը, դատախազությանը, Քննչական կոմիտեին, պաշտպանության նախարարությանը և առողջապահության նախարարությանը։

2018-ի հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը ստացել է 45 բողոք, որոնց հիմնական մասն ուղղված է եղել ոստիկանության, պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, կառավարության աշխատակազմի դեմ, իսկ 2018-ի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 64 բողոքների մեծ մասը վերաբերել է առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ոստիկանությանը, արդարադատության նախարարության մարմիններին, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, նախևառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում է նաև լրագրողների հարցումներին պատասխանելու պրակտիկայի մոնիթորինգը, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է իրացվում տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը և ի վերջո՝ այդ կերպ է նաև երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---