Նախագահը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու առաջարկ չի ստացել

Նախագահը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու առաջարկ չի ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու առաջարկություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից չի ստացել, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին», - ասված է հաղորդագրության մեջ:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

«Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաեւ Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ընթերցեք նաև՝ Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել․ Ինչպես են ՀՀ-ում ներում շնորհում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---