Նախկին փոխոստիկանապետը մանրամասնել է ՊՊԾ գնդում իր՝ պատանդ լինելու մասին

Նախկին փոխոստիկանապետը մանրամասնել է ՊՊԾ գնդում իր՝ պատանդ լինելու մասին

PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատարանում հարցաքննվել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանը:

Նա գնդի գրավման ժամանակ պատանդ էր պահվել. գործով ճանաչվել է տուժող:

Եղիազարյանը պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան իրեն է զանգահարել ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցը և հայտնել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

«Ես իսկույն իմ պարտքը համարեցի մեկնել դեպքի վայր և հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն Օսիպյանն էր (ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը), արդեն կային ոստիկանական մեքենաներ շարված: Պարոն Օսիպյանն ինձ ասաց, որ կապի է դուրս եկել հարձակվողների հետ և հիմա գնում է հանդիպման: Ասացի՝ ես էլ կգամ, քանի որ իմ պարտքը համարեցի որպես ավագ սպա չթողնել իմ գործընկերոջը միայնակ: Մոտեցանք նշված վայրին, 20-30 մետր էր Էրեբունու ոստիկանության բաժնի և գնդի միջև: Ճիշտն ասած, մթնաշաղ էր, ես նույնիսկ չնկատեցի, որ բացի այդ երկուսից երկու, երեք հոգի էլ հետևից մոտեցան, ինքնաձիգերը դրեցին պարանոցներիս և պահանջեցին, որ գնանք գունդ, քաշքշուկ եղավ այդտեղ, հարված և այլն: Ստիպեցին, գնացինք գունդ, այնտեղ պլաստիկ ձեռնակապեր մեզ կապեցին, մի քանի րոպե հետո որոշեցին, որ պետք է հանեն: Հիմնականում հայհոյանքներ էին հնչում, բորբոքված մթնոլորտ էր, գոռգոռոցներ: Ի սկզբանե մեր միակ խնդրանք-պահանջն այն էր, որ բաց թողնեն մեր սերժանտական կազմի՝ պատանդության մեջ գտնվող 6-8 հոգի տղաներին, մերժեցին. հետագայում երկուսին բաց թողեցին, մեկը վատառողջ էր, մյուսը ինչ-որ ամուսնանում էր, թե ինչ, այդ օրը»,- պատմել է Եղիազարյանը:

Նա հայտնել է, որ չնայախ Օսիպյանը կապի էր դուրս գալիս ոստիկանական ծառայողների հետ, խնդրում էր էքստերմալ քայլեր չանել, այնուամենայնիվ, մի փոքր անց հնչել են կրակոցներ:

«Արդյունքում իրենցից մի տղա վիրավորվեց, չեմ ճանաչում նրան, հետագայում իմացանք, որ մեր ոստիկաններից երեքը ստացել են մարմնական վնասվածքներ: Հետագայում մեզ պահում էին անցակետին կից գտնվող սենյակներից մեկում. ինձ ու Օսիպյանին առանձին էին պահում, մեր շփումները սահմանափակված էր, շատ ընտրովի էր տրամադրվում հեռախոս՝ իրենց քմահաճույքով, ինչպես կցանկանային: Օսիպյանի հեռախոսն այդ օրն ընդհանրապես անհետացավ, մնացել էր իմ հեռախոսը, այն էլ շատ հազվադեպ թույլ էին տալիս կապ հաստատել արտաքին աշխարհի հետ»,- ասել է նախկին փոխոստիկանապետը:

Նա ասել է, որ իր անձնական սպայական արժանապատվության նկատմամբ ոտնձգություններ չեն եղել:

«Հաջորդ օրերին մթնոլորտը գնալով լարվում էր, առաջին օրերին իրենց կողմից ոգևորվածություն կար, հետո ընկճվածություն: Ես անվերջ փորձում էի մեղմել իրավիճակը, բավական բարյացկամ խոսակցություններ էինք վարում, փորձում ինչ-որ բաներ ապացուցել, բայց այնուամենայնիվ բոլորս մնում էինք մեր դիրքերում, նորմալ մարդկային շփում էր հաստատվել: Միայն կարող եմ ասել, որ կային մարդիկ, ովքեր անկանկախտեսելի էին, նրանց հետ խուսափում էինք ավելի շատ շփվել, տարբեր էին, միատարր չէր նրանց կազմը: Ինչ վերաբերում է սպանություններին, ես ճիշտն ասած չգիտեմ՝ տեղին է, թե՝ ոչ, բայց ինձ համար զարմանալի է և զայրացնող, որ այսքան ժամանակ զղջանքի ոչ մի խոսք չի եղել: Ավելին ասեմ, զարմանալի է նաև, որ երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից ծափահարություններ են հնչում: Կարծում եմ, սա մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, վերջին հաշվով զոհվել են հայորդիներ, սպաներ, մեր ընկերները: Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամնաանհասկանալին սա է, որ ոչ մի զղջանք, ոչ մի ներողամտություն խմբի կողմից ես չեմ լսել ոչ մեկի նկատմամբ», - ասել է Եղիազարյանը:

Նա շեշտել է՝ երեք հոգի է զոհվել, և դրա պատասխանը որևէ մեկը պիտի տա:

«Հետագայում սկսվեցին բանակցություններ, ակտիվ մասնակցում էր Վիտալի Բալասանյանը, կարծեմ երկու օր գնաց եկավ և ի վերջո որոշեցին, որ լրատվամիջոցների դիմաց կարող են մեզ ազատ արձակել: Նույնիսկ եթե ենթադրեինք, որ մեզ կարող են ազատ արձակել, ես այնտեղից դուրս չէի գա, քանի դեռ այնտեղ էր գտնվում մեր ոստիկանության կրտսեր անձնակազմը»,- ասել է Եղիազարյանը:

Նա ասել է, որ խմբի պահանջները բազմազան էին:

«Սսկսած, որ պետք է պաշտոնանկ արվեն ոստիկանական բարձրաստիճան սպաներ, Հանրապետության նախագահը, Կառավարությունը պիտի լուծարվի, բայց հիմնական շեշտադրումը գնում էր Սեֆիլյանի (այն ժամանակ դեռևս կալանավորված Ժիրայր Սեֆիլյան) ազատ արձակման կամ նրան գունդ տեղափոխելու վրա: Սա, այսպես ասած, մեխն էր: Այդ պահանջները հնչեցվում էին սպառնալիքների միջոցով զուգորդված հայհոյանքներով»,- ասել է նա:

Հարցին, թե ովքեր էին հսկում իրենց, նախկին փոխոստիկանապետը պատասխանել է, որ իրենց, այսպես ասած, կալանապետը Կյուրեղյանն էր:

«Ինքն էր ղեկավարում այդ ամբողջ գործընթացը, նրան մեկ-մեկ փոխարինում էր եղբայրը: Զենքը դրված սեղանին, ուսին, մեկ-մեկ էլ ձեռքերը նռնակին էր գցում, երևի վախեցնելու համար: Իմ տեսադաշտում գտնվողները բոլորը զինված էին կամ ինքնաձիգերով կամ ատրճանակներով, հիմնականում ՊՊԾ գնդի եղած սպառազինությունն էր իրենց մոտ, չնայած կարծես դրսից բերված ինքնաձիգեր ևս կային: Նույնիսկ ծիծաղելի էր՝ յուրաքանչյուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս, ես մեկին ասացի՝ «տղա ջան, երկու ձեռք ունես, ինչու ես 4 ատրճանակ պահում»: Ամենավատն այն էր, որ կային նաև նռնակներ», - ասել է նա:

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով՝ իրեն և Օսիպյանին մեկուսացված պահելու պատճառն այն էր, որ քիչ բան տեսնեն, քիչ շփվեն: Խոսելով այդ օրերին զոհված ոստիկան Արթուր Վանոյանի մահվան հանգամանքների մասին, նա ասել է, որ Օսիպյանը զանգերի միջոցով տեղեկացել էր, որ գնդում պետք է լինի նաև գնդապետ Արթուր Վանոյանը:

«Մենք անվերջ փորձում էինք պարզել, թե որտեղ է Վանոյանը, հետո Օսիպյանը գնաց նրանց հետ (խմբի անդամների,-խմբ.) և այլայլված, ընկճված վերադարձավ: Նա պատմեց, որ փաստորեն մեր ընկերոջ դին գտնվում է մյուս մասնաշենքում՝ հանգստյան սենյակում»,- պատմել է գեներալ լեյտենանտը:

Այս խոսքերին դահլիճում ներկաներից մեկն արձագանքել է՝ «հանգստանում էր»:

«Սկսեցինք ենթադրություններ անել, թե ինչից կարող է մահացած լինել, այն, որ հրազենային վնասվածք էր, դա պարզ էր, բայց դեռևս չգիտեինք՝ արյունահոսել մահացել է, թե՞ միանգամից է մահը վրա հասել: Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պետք է ժամանակին բուժօգնություն հասցվեր մեր գործընեկրոջը: Հետագայում ինձ տարել են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, բայց ոչ մինչև հանգստյան սենյակ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը: Նախասրահում պարկուճներ էին թափված, արյան հետքեր էին: Վարուժան Ավետիսյանը առաջարկեց դեպքի վայրում քննություն իրականացնել, և ես ասացի, որ Ավետիսյանն էլ իրավաբան է, քաջ գիտակցում էր, որ զավթած տարածքում քննիչը չէր կարող անկաշկանդ գալ և քննչական գործողություն իրականացնել: Ես հասկացա, որ դեպքի վայրում արդեն որոշակի փոփոխություններ արված էին, պարկուճների դասավորությունը, իմ դիտարկմամբ ոչ բնական ձևով էր, և այդտեղ քննություն իրականացնելն, իհարկե, անհեթեթություն էր»:

Եղիազարյանն ասել է, որ այդ ժամանակ ներկա էր նաև խմբից Գագիկ Եղիազարյանը, նա իրեն ասել է, իբր Վանոյանն է կրակել, իրենք ընդամենը պատասխանել են, և փոխհրաձգության հետևանքով Վանոյանը զոհվել է:

«Ասել է՝ մենք էինք, հետագայում խոսակցությունների ժամանակ հասկացվեց, որ ինքն էլ է եղել, խմբից Սմբատ Բարսեղանն էլ, այլ անձանց չգիտեմ: Բարսեղյանը միշտ ինքնաձիգով էր: Երկրորդ օրը նկատեցինք, որ վիրավորված է, ես ու Օիսպյանը առաջարկեցինք, որ դուրս գնա, բուժհիմնարկ տեղափոխվի, հրաժարվեց»:

Եղիազարյանը նշել է , որ բարբարոսական վերաբերմունք էր գույքի և մյուս նյութական արժեքների նկատմամբ:

«Ավտոտրանսպորտային միջոցները այսպես թե այնպես խմբված էին, ես հասկացա, որ այնտեղ որոշները մեքենա վարել էին սովորում, մի խոսքով, ամբողջ տարածքը ջարդուխուրդ արած էր, նույնիսկ նրանցից մեկին հարցրի՝ ապակիները ինչո՞ւ եք ջարդում, պատասխանեցին՝ որ օդ գա: Ամբողջ գույքը թալանված, ջարդված, թափված էր, ով ինչ հասցնում էր, վերցնում էր, մի խոսքով ոստիկանությունը մեծ նյութական վնաս կրեց»,- ասել է նա:

Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 13-ին:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկել է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի նկատմամբ համաներում կիրառվի:

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան Օսիպյանն ասել է, որ ինքը կորցրել է ընկերներ:

«Եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ, բայց ես կորցրել եմ ընկերներ: Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը», - ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---