Կառավարության ծրագիրն ԱԺ-ում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի

Կառավարության ծրագիրն ԱԺ-ում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի: Այդ մաիսն հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ ամսի 12-ին նիստ կունենանք, վերջնական դեռ ինձ չեն ասել, բայց ենթադրում եմ՝ կլինի ամսի 12-ին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Մակունցը հայտնել է նաև, որ Ազգայն ժողովի խորհրդի նիստում վերջնական հաստատվել են միջազգային խորհրդարաններում Հայաստանի պատվիրակության կազմերը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե փետրվարի 5-ին խորհրդի նիստը հարթ չի անցել, տարաձայնություններ են եղել միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների կազմերի վերաբերյալ՝ Մակունցն ասել է. «Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել։ Այդ համամասնության համաձայն, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում մեծամասնություն է կազմում ու ներկայացրել էինք դա խորհրդի նիստում։ Միևնույն ժամանակ նաև առաջարկեցինք, որ բացի համամասնության սկզբունքը կիրառելը, պատվիրակություններում ունենանք ներկայացվածություն ընդդիմությունից։ Արդյունքում ընդդիմությունը չեկավ ընդհանուր հայտարարի ու այդ առաջարկը չընդունվեց»։

Նա նշել է նաև, որ իրենք առաջարկել էին նաև, որ որոշ ժամանակով կիրառվի ռոտացիոն սկզբունքը, սակայն դա նույնպես չի ընդունվել. «Մենք անպայման ցանկանում ու պնդում ենք, որ լինի համամասնության սկզբունքը, բայց միաժամանակ պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել առանձին հարցերում»։

Այսպիսով ստացվում է, որ ՆԱՏՕ-ի հայաստանյան պատվիրակությունում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր ներկայացված չի լինի, իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

 Ուշագրավ
---