Բաբայանը հակադարձում է Հարությունյանին. Սեփական ժողովրդին խաբելը վատ բան է

Բաբայանը հակադարձում է Հարությունյանին. Սեփական ժողովրդին խաբելը վատ բան է

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հակադարձել է Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանին՝ 2016 թվականին Արցախում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «հողեր հանձնելու ճնշումների» վերաբերյալ տեղեկատվության հերքմանը:

Հարությունյանն, անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին, հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ Բաբայանը պնդել է 2016 թվականի ապրիլին Սարգսյանի և Արցախի վերնախավի միջև քննարկումը եղել է 7 շրջան Ադրբեջանին հանձնել ենթադրող կազանյան փաստաթղթի շուրջ, որին դեմ են հանդես եկել միայն պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը և ևս մի քանի հոգու հետ:

«Մնացածդ լուռ լսել եք։ Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանի վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը, արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները», - ասել է Բաբայանը:

Նա նշել է, որ դա հերթական հանդիպում չի եղել, այլ «հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ փաստաթուղթը»։

«Պարոն Հարությունյան, սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։ Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Իսկ այդ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին», - գրել է նա:

Հարությունյանը գրել էր նաև, որ «հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել է տարածքային զիջումների հարցը:

«Ղարաբաղցիներին հարցրեք՝ Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի ՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային», - ասել է Բաբայանը:

 Ուշագրավ
---