Զոհրաբյան. Ենոքյանի ներման խնդրագրի արտահոսքը խանգարել է ներման արժանի դատապարտյալների ազատությանը

Զոհրաբյան. Ենոքյանի ներման խնդրագրի արտահոսքը խանգարել է ներման արժանի դատապարտյալների ազատությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նիստում նկատել է, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը խանգարել է մի քանի այլ ցմահ դատապարտյալների ներմանը:

Ներման խնդրագրի ներկայացման, դրա ուսումնասիրության և այլ ընթացակարգերն օրենքով գաղտնի են:

«Կային ցմահ ազատազրկվածներ, որոնք զղջացել էին, կար նաև տուժող կողմի իրավահաջորդների համաձայնությունը նրանց ներելու, սակայն Ենոքյանի վերաբերյալ արտահոսքը խանգարեց», - ասել է Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում:

Նա մասնավորապես նշել է բանակում անարգված զինվորի կողմից սպայի սպանության դեպքը:

«Մենք ունենք մի քանի ցմահներ, որոնք բանակում կատարված սպանության համար են դատապարտվել: Եթե սպան անարգում է զինվորին, ինչի հետևանքով տեղի է ունենում սպանություն, և 20 տարի զինվորը ազատազրկված է, այո, նա ներման արժանի է: Բայց մեկ ցմահի ներման խնդրագրի մասին արտահոսքը ստիպեց գնալ համահարթեցման ճանապարհով», - ասել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 1990-ականներին Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն էր տվել Ենոքյանի ներման խնդրագրին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---