ՊՎԾ-ում տեղյակ չեն կառույցի 4 աշխատակցի ձերբակալումից

ՊՎԾ-ում տեղյակ չեն կառույցի 4 աշխատակցի ձերբակալումից

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողության ծառայությունում տեղեկություններ չունեն կառույցի 4 աշխատակցի ձերբակալությունից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։

«Ձերբակալող կամ չձերբակալող մարմինը մենք չենք», - ասաց նա:

Մամուլում լուրեր են շրջանառվել, որ ձերբակալվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակից, այդ թվում նաև ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչության պետեր Ադյան եղբայրները:

Ավելի վաղ «Հետք» պարբերականի «Պետական մակարդակով բիզնես են խլում» վերտառությամբ հոդվածում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է:

«Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ՝ «ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ է հայտնել ընկերության տնօրենը:

 Ուշագրավ
---