ԱԳՆ. ՀՀ-ն ջանալու է ազատել Կարեն Ղազարյանին Ադրբեջանից

ԱԳՆ. ՀՀ-ն ջանալու է ազատել Կարեն Ղազարյանին Ադրբեջանից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման «վճռի» կայացման առնչությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ:

«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար պարտավորությունների ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Նշվում է նաև, որ թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:

«Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։

Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»: Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 7s խստորեն դատապարտel է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Ավելի վաղ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել էր.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---