Ամերիկացի փորձագետները հակասական կարծիքներ ունեն Փաշինյանի՝ Իրան այցի մասին

Ամերիկացի փորձագետները հակասական կարծիքներ ունեն Փաշինյանի՝ Իրան այցի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»

American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով՝ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների խորացումը «չի բխում Երևանի շահերից, քանի որ վնասում է հայ-ամերիկյան հարաբերություններին»:

«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես չէի խորացնի հարաբերությունները Իրանի հետ: Ցանկալի է պահպանել ստատուս քվոն հարաբերություններում և չխորացնել դրանք: Ես հասկանում եմ, որ Հայաստանը զգալի չափով կախված է Իրանից, իրանական գազից, սակայն ցավում եմ, որ այն համաձայնվել է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազի համար այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ սահմանված են պատժամիջոցներ, և Իրանը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի բանաձևը հրթիռների վերաբերյալ, ինչպես նաև փորձում է տարածել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում: Դա վնասում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Սթիվեն Բլանկը:

Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը բնական է համարում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը և չի կարծում, որ դրանք որևէ կերպ սպառնում են Միացյալ Նահանգներին:

«Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ արևելյան և արևմտյան սահմանների շրջափակումը: Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի հարավ և հյուսիս, ուստի անխուսափելի են Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ: Ես չեմ տեսնում այստեղ որևէ սպառնալիք Միացյալ Նահանգներին»,- ասել է դեսպան Էվանսը:

Նա փաստել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումն անուղղակիորեն անդրադառնում է հայկական կողմի վրա, որպես կանոն՝ բացասաբար:

«Սեփական փորձից գիտեմ, որ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ, դրանք անուղղակի անդրադառնում են Հայաստանի վրա և վնասում երկրին: Կարծում եմ Հայաստանը չունի այլ ընտրություն: Այն պետք է հարաբերություններ ունենա իր հարավային հարևանի հետ սեփական շահերի և ամբողջ տարածաշրջանի կայունության համար»,- ասել է նախկին դեսպանը:

Ավելի վաղ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան ավարտվել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---