ՀՀ-ում կարմրուկի 2-րդ բերովի դեպքն է գրանցվել

ՀՀ-ում կարմրուկի 2-րդ բերովի դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը:

Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ:

Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ):

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում ՀՀ-ին հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով:

Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալուհամար: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, նախարարությունը հորդորում է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---