Օպերայի ապամոնտաժվող սրճարաններում 300-ի փոխարեն 12 մարդ է աշխատում

Օպերայի ապամոնտաժվող սրճարաններում 300-ի փոխարեն  12 մարդ է աշխատում

PanARMENIAN.Net - Մարտի 13 -ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքներում ապամոնտաժման ենթակա սրճարանատերերը պնդել են, թե ապամոնտաժման հետևանքով 300 մարդ կդառնա գործազուրկ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնել է, որ այս սրճարաններում իրականում գրանցված է 12 աշխատող:

«Տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում, տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ», - գրել է նա:

«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ 2018-ին պատկերը նույնն է եղել։

«Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։ «Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը», - գրել է Կուբատյանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր նշված տարածքներում գործող սրճարանների ապամոնտաժումը, սակայն դիմադրության էր հանդիպել այստեղ աշխատողների և ղեկավարների կողմից:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։

Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---