Հայաստանը անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում Չինաստանի ներկայության ընդլայնման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում Չինաստանի ներկայության ընդլայնման հարցում, ինչը դրական կանդրադառնա տարածաշրջանի վրա: Այդ մասին Պեկինում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական եւ միջկառավարական համաձայնագիր»,- նշել է ՀՀ նախագահը եւ հավելել, որ քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որեւէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ:



«Հայաստանում մեծ ակնածանքով են հետեւում զարգացման եւ արդիականացման, ներդաշնակ սոցիալիստական հասարակության կայացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդների կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: ՀՀ ղեկավարը նշել է, որ վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ աճել է մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, ավարտին է մոտենում համատեղ ամենախոշոր ծրագրերից մեկը` «Շանսի-Նաիրիտը»` Դատոն քաղաքի մերձակայքում, տարեկան 30 000 տոննա արտադրողականությամբ քլորոպրենային կաուչուկի արտադրության գործարանի կառուցումը:



Ըստ նախագահի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ հումանիտար բնագավառներում եւս առաջընթաց նկատելի է: Մշակույթի եւ սպորտի բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության ծրագրեր են նախապատրաստվում: «Չնայած այս ամենին, ես մեր երկրների միջեւ փոխգործակցության մեծ պոտենցիալ եմ տեսնում եւ պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Հայաստանը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, որը կանցկացվի Շանհայում: Այնտեղ մենք կփորձենք ներկայացնել ինչպես մեր ձեռքբերումները, այնպես էլ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացման մեր ներուժը: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչն, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները եւ ձեռքբերումները միջազգային ասպարեզում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանն առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ: Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է եւ մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ»,- նշել է ՀՀ նախագահը, հաղորդում է չինական Xinhua լրատվական գորխակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---