ՄԻՊ. Մարդն առցանց հարթակում անանուն մնալու իրավունք ունի

ՄԻՊ. Մարդն առցանց հարթակում անանուն մնալու իրավունք ունի

PanARMENIAN.Net - Անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ:

ՄԻՊ-ը հավելել է, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, և այս հարցում այս կառույցի ներգրավվածությունն այդքան էլ ճիշտ չէ. «Հարցով յուրաքանչյուր մարմին պետք է աշխատի ըստ իրավասության: Ես կիսում եմ կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված: Ավելին, ուզում եմ նորից պնդել, որ մարդն ունի միջազգայնորեն ճանաչված իրավունք առցանց հարթակում անանուն մնալու», հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ դրա հետ կապված կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ, ուղեցույցներ, այլ հարց է, որ եթե այդ տեղեկությունը բռնության, հանցագործության կոչ է պարունակում:

Արման Թաթոյանն ասել է, որ ծանոթ է բոլոր հանրային քննարկումներին, հասկանում է բոլոր մտահոգությունները, այդ հարցն իրենց անմիջական ուշադրության ներքո է և առանձնակի ուշադրությամբ հետևելու են։

«Մենք նույնպես ունենում ենք դեպքեր և դիտարկումները ցույց են տալիս, որ ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքն ու սպառնալիքը հիմնականում տարածում են կեղծ օգտատերերը։ Նման դեպքեր եղել են իրավապաշտպանների, փաստաբանների հետ և դրանք միշտ ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն՝ քրեական հետապնդում նախաձեռնելու առաջարկով: Բայց դա էլ արդյունավետ չէ, քանի որ ֆեյսբուքյան սոցիալական ցանցից հայտնաբերելու մեխանիզմներն էլ այդքան արդյունավետ չեն»,- ընդգծել է Արման Թաթոյանը։

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ:«Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», - ասել է վարչապետը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր հերթին հայտարարել է, որ ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված:«Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և բացահայտելու համար այդ երևույթը», - ասել է նա

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---