Նախարարը 2020-ին մինչև Վրաստան նորմալ ճանապարհ է խոստանում

Նախարարը 2020-ին մինչև Վրաստան նորմալ ճանապարհ է խոստանում

PanARMENIAN.Net - 2019թ. բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նա հայտնել է, որ ծրագրվում է մինչև Վրաստանի սահմանն ընկած ճանապարհի շինարարության մի մասն ավարտել 2019-ին, մյուս հատվածը՝ 2020 թվականին։ Անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է: Արդյունքում, ըստ նրա, կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ, հայտնում է Panorama.am-ը։

«Երևանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Նախորդ 5 տարիների համեմատ աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` 300 կմ-ից ավելի»,- նշել է նա։

Ըստ Հակոբ Արշակյանի՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երևան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սևանի հատվածում։

Հակոբ Արշակյանը նաև ասել է, որ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարահատվածի շինարարությունը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ժամանակին ավարտել։

Նախարարը խոսել է նաև իրականացրած անորակ աշխատանքներից։ Մասնավորապես, անդրադառնալով Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին՝ ասել է, որ 2018-ին այդ ճանապարհի շինարարությունը կատարվում էր լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում և արդեն կար սեզոնային ուշացում, հնարավոր չեղավ հենց այդ ժամանակ էլ վերականգնել վնասը։ Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքի դիմաց չեն վճարել ընկերությանը, քանի որ Կառավարությունը չի ընդունել այդ աշխատանքները՝ անորակ լինելու պատճառով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ընկերությունը պարտավորվել է շտկել ճանապարհի որակի հետ կապված խնդիրները և մայիսից կսկսի շինաշխատանքները։ «Անկախ նրանից, թե ով է շինարարությունն իրականացնում՝ նախկին, թե ներկա պաշտոնյա, հսկողություն է իրականացվելու և ընկերությունը չի վճարվի, եթե պատշաճ որակի շինաշխատանքներ չիրականացնի»,- ընդգծել է նախարարը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---