ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարելիք այցի մանրամասները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկվեցին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան այցի մանրամասները: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Չեւիքյոզը քննարկեցին նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը, եւ այդ նպատակի համար առաջարկվող Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել:



Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու եւ Կովկասում տեւական հանմերաշխություն հաստատելու տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանն ու Ունալ Չեւիքյոզը մտքեր փոխանակեցին նաեւ մի շարք միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ:
 Ուշագրավ
---