«Հյուրիեթ». Թուրքիայի նախագահը համարձակ եւ պատմական որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Երեւան կժամանի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային խաղից երկու ժամ առաջ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, խաղից առաջ մեկ ժամ տեւողությամբ զրույց կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունն ու «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը: Ինչպես գրում է թերթը, առաջին անգամ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան խնդիրը:



«Իմ այցը նոր դարաշրջան կբացի տարածաշրջանում, որը հիմնված կլինի բարեկամության վրա: Հենց այդ պատճառով եմ ես ընդունել հրավերը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը` հավելելով, որ ֆուտբոլը կարող է մերձեցնել երկու ժողովրդներին, որոնք ընդհանուր պատմություն ունեն եւ ցանկանում են նոր հարաբերություններ կառուցել:



Թուրքական պատվիրակությունը կմեկնի Երեւանից ֆուտբոլային խաղից անմիջապես հետո:



«Հյուրիեթի» գլխավոր խմբագիր Էրդողրուլ Օզկոկի կարծիքով, Թուրքիայի նախագահը համարձակ եւ պատմական որոշում է կայացրել: «Թուրքիան պետք է համարձակ առերեսվի այն հարցերի հետ, որոնք բարդացնում են ներկան: Ես հավատում եմ, որ ֆուտբոլային խաղը կհալեցնի սառույցն ու կքանդի պատը երկու երկրների միջեւ հարաբերություններում: Շաբաթօրյա խաղի հաղթողն արդեն հայտնի է` դա Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն են»,-գրում է Օզկոկը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---