ՀՀ նախագահ. Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու![]() 1 մայիսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով և հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարևոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, և այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է: Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի և ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները: Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը»: Նախագահն առանձնահատուկ շնորհավորել է աշխատանքի վետերաններին, ովքեր մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները: «Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երևակայությունը:Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |