Տոնոյանը՝ վետերաններին. Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակն Արցախյան պատերազմում

Տոնոյանը՝ վետերաններին. Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակն Արցախյան պատերազմում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով և շնորհավորելով վետերաններին մայիսյան տոների առթիվ, ասել է. «Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում»:

«Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարը վետերաններին մաղթել է քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում:

Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---