Թուրքիան չի կարողանա միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - «Թուրքիան չափազանց մեծ ցանկություն ունի մասնակցելու, իսկ հետագայում նաեւ գլխավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքները: Ընդ որում, հիմնավորումները բավական փաստարկված են. մենք, իբր, ճանաչում ենք տարածաշրջանը, արեւելյան մտածելակերպը եւ կկարողանանք անել այն, ինչը գերտերությունների ուժերից վեր է: Բայց Թուրքիան, ինչպես միշտ, սեփական խաղաքարերն է գործի դնում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը:



Նրա կարծիքով, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ-ին ձեռքից բաց չեն թողնի: «Ինչ մեղքը թաքցնեմ. առանց Ռուսաստանի Կովկաս չկա, եւ աշխարհը սկսել է դա հասկանալ: Տվյալ դեպքում Թուրքիան հետաքրքրված կողմ է, եւ այդ իսկ պատճառով չի կարող Մինսկի խմբի անդամ լինել: Այդ մասին գրված է ԵԱՀԿ ՄԽ կանոնադրության մեջ: Բայց դե ո՞վ է հիշում, թե այնտեղ ինչ է գրված: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Թուրքիան չի կարողանա միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ընդհանրապես հարկ եմ համարում նկատել, որ այժմ սերմանվում են այնպիսի նախաձեռնություններ, որոնք աշխատող կլինեն մի 5 տարի հետո: Ոչ ոք այդ մասին լուրջ չի մտածում, բայց գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է փորձագետը:



Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հետագայում Գյուլը հայտնել է, որ «17 տարվա ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի զգալի արդյունքի չի հասել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմ չեն, դրանք տարածաշրջանային են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---