Ոստիկանություն. Խաչատուրովի՝ ՀՀ-ից ելքը թույլատրող փաստաթուղթ չի եղել

Ոստիկանություն. Խաչատուրովի՝ ՀՀ-ից ելքը թույլատրող փաստաթուղթ չի եղել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու թույլ չի տվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հատել սահմանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն չի եղել:

«Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ակնհայտ է՝ մեղադրյալը, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ:

«Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա:Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Յուրի Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---