ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավարին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հյուսիս Ատլանտյան Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նախարար Նալբանդյանը կարեւորեց ՀՀ-ՆԱՏՕ կապերի ամրապնդումը խորհրդարանական շփումների ձեւաչափով եւ այդ համատեքստում վստահություն հայտնեց, որ Ժոզե Լելոյի գլխավորած պատվիրակության այցը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-յի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության զարգացմանը:



Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչի վկայությունն է հայկական կողմի մասնակցությունը մի շարք ծրագրերի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:



Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված հարցեր: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայկական կողմի տեսակետները Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ:



Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---