Վարչապետը՝ Սինանյանին. Սփյուռքի հետ ավելի արդյունավետ քաղաքականություն է պետք![]() 14 հունիսի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Փաշինյանն ասել է, որ սփյուռքը 2018-ի քաղաքական իրադարձություններում լիարժեք մասնակից է եղել: «Մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը գործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և Հայաստանի, և Սփյուռքի համար: Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել պարզ, լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է», - ասել է Սինանյանը: Նա հայտնել է, որ սփյուռքում էլ շատ խնդիրներ կան: «Ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ», - ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |