ՄԽ նախկին համանախագահը՝ «Մեղրիի փոխանակման» մասին. Իրականությունը փոքր-ինչ այլ էր![]() 27 հունիսի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն, անդրադառնալով այսպես կոչված «Մեղրիի փոխանակման տարբերակին», ասել է, որ իրականությունը փոքր-ինչ այլ էր: «Իրականությունը փոքր-ինչ այլ էր և սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ»,-ասել է նա՝ անդրադառնալով 2001-ի ապրիլին ամերիկյան Քի Վեսթում ղարաբաղյան կարգավորման շուրջ անցած բանակցություններին, որին մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Քերի Քավանոն, որը Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, հավելել է, որ դրանից բացի, Քի Վեսթում, ի սկզբանե չէր նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նա նշել է, որ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Քի Վեսթում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տեղի են ունեցել 2001 թ. ապրիլի 3-7: Քի Վեսթի հանդիպումը բացեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Դրա նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների դիվանագետները: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այնուհանդերձ, Քի Վեսթի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեցին, առաջին հերթին, հետագայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դրանցից հրաժարվելու պատճառով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |