ԼՂՀ-ն պետք է մասնակցի տարածաշրջանում կայունության հաստատման համար իրագործվող ցանակացած ծրագրի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Սպայի տան մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների հետ, որոնք Արցախ են ժամանել Բեյզ Մեթըլս ընկերության հրավերով: Ինչպես ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական ապարատում հաղորդել են PanARMENIAN.Net ին, Բակո Սահակյանը կարեւորել է նման այցելությունների կազմակերպումը եւ նշել, որ նրանք պետք է պարբերական բնույթ կրեն եւ նպաստեն Արցախի շենացման գործում հայության ջանքերի համախմբմանը:



Անմիջական եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը ուսանողները բազմաթիվ հարցեր ուղեցին ԼՂՀ Նախագահին: Հատուկ հետաքրքրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների ենթատեքստում: Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնացել: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցությամբ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որեւէ շահարկումների եւ սակարկության:



Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, հատկապես ազգերի ինքնորոշմանը վերաբերող դրույթները: Բակո Սահակյանը ողջունել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը` միաժամանակ նշելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման ցանկացած ծրագրում պետք է ընգգրկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:



Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---