ԱԳՆ. Ադրբեջանի հայտարարությունը վկայում է՝ Բաքուն անկարող է քաղաքակրթություն պահպանել

ԱԳՆ. Ադրբեջանի հայտարարությունը վկայում է՝ Բաքուն անկարող է քաղաքակրթություն պահպանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ օգոստոսի 6-ի hայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են և վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։

Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։

Հայաստանի Հանրապետությունը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը»,-ասվու մ է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման:

«Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում:

Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:Նա հնչեցրել է նաև միացում կարգախոսն ու հայտարարել, որԱրցախը Հայաստան է և վերջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---