Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ հանդիպմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը և պատրաստ է հյուրընկալել անվանի գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, «Ապոլոն» առաքելության հայտնի ներկայացուցիչների, հանրահայտ երաժիշտների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ փառատոնի կազմակերպչական հարցերը համակարգելու նպատակով:

Հանդիպմանը համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի և STARMUS-ի միջև: Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն գիտության ու տեխնոլոգիաների քաղաքի, այլև՝ գիտական պարկի, «Վաղվա թանգարան»-ի ստեղծում, և նշվել է, որ STARMUS-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:

STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---