ԱԳ նախարար. ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է 3 սկզբունքի վրա27 օգոստոսի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է 3 հիմնարար սկզբունքի վրա՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն, որոնք կապահովեն հայկական դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Երևանում ընթացող ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովում ունեցած ելույթում: Նա նշել է, որ ինքնիշխանության սկզբունքի առանցքը հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Նշվել է, որ հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա: «Համահայկականությունը և սկզբունք է, և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ ենք, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար»,-ասել է Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա նշել է նաև, որ համահայկականության սկզբունքը ենթադրում է ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը: Համահայկականության սկզբունքի գործադրումը պետք է ապահովի փոխադարձ աշխարհասփյուռ Հայության ամուր գործնական կապը Հայաստանի հետ: «Փոխգործակցության սկզբունքը ենթադրում է, որ Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ:Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։ Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով: Հարգելի գործընկերներ: Արդեն առիթ ունեցա նշելու, սակայն կուզենայի նորից ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա»,-ասել է նախարարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |