ՀՀ նախագահ. Հաստատակամ և ամուր ենք ինքնիշխան Արցախը պաշտպանելու հարցում![]() 2 սեպտեմբերի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում: «Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր և մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ և մշակութային արժեքներ, ձևավորվել խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ և, ամենակարևորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի: Բայց պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաև այսօրն է, պատմությունը ստեղծվում է նաև վաղվա համար: 1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին, հետո, երբ վտանգված էր ազատությունը, և հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար, այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ»,-ասվում է ուղերձում: Նշվում է, որ ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը: «Այսօր էլ դեռ շատ են անելիքները մեր բարդ և հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման և անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակվի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն: Այսօր, ավելի քան երբևէ, մենք հաստատակամ և ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում: Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այդ առթիվ Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |