ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանի ուսանողների հմտությունների խորացմանը19 սեպտեմբերի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» և Եվրոպական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը: Հուշագիրը ստորագրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը: Եռակողմ փաստաթղթի համաձայն՝ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի ուսանողներից որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով կտրամադրվեն ուսումնական նյութեր ու ձեռնարկներ: Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա: Հուշագրի շրջանակում նաև նախատեսվում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ առնվազն երեք տարին մեկ անգամ, ինչպես նաև վերջիններիս կողմից դասախոսություններին մասնակցություն և համադասավանդում: Կարևոր է նաև այն, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներին կտրվի հնարավորություն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում: «Օժտված երիտասարդներին օգնելուն ուղղված մեր համագործակցությունը շարունակական է և դա շատ բնական է: Հեռահաղորդակցությունը դինամիկ զարգացում է ապրում, հետևաբար՝ ուսումնական նյութերը, ուսումնասիրության առարկան պետք է մշտապես թարմացվեն: Դասախոսները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին: Համալսարանի ու գործարար ոլորտի միջև կապը պետք է լինի մշտական: Բուհի գերնպատակն է աշխատաշուկան ապահովել պատրաստի, թարմ ու արդյունավետ կադրերով: Հիմնարար գիտելիքներն ու կիրառական հմտությունները պետք է դասավանդվեն ոչ թե առանձին-առանձին, այլ՝ զուգահեռաբար: Որակյալ կրթությունը տնտեսական աճի ու մարդկային զարգացման հիմնական միջոց է: Կրթության արդյունավետությունն է որոշում, թե որքան հուսալի կլինի մեր ապագան, որքան ուժեղ ու մրցունակ կլինեն մեր երիտասարդները», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ պայմանագրի ստորագրումը, քանի որ այն նաև առիթ էր հանդիսացել տարիներ առաջ նոր մասնագիտության ստեղծման, այն է` «Միկրոէլեկտրոնիկան հեռահաղորդակցության բնագավառում»։ Բազմաթիվ բարձր որակավորում ունեցող կադրեր են պատրաստվել այս ծրագրի շրջանակներում, նրանցից շատերը աշխատանքի են անցել Սինոփսիսում, ՎիվաՍել-ՄՏՍ-ում և այլ ՏՀՏ ընկերություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել այս ծրագրի իրականացման ակունքներում։ Հուսով եմ, որ երկար կշարունակվի այս համատեղ արդյունավետ համագործակցությունը», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն, Եվրոպական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։ Մի կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների, մյուս կողմից՝ համալսարանի միջև գործակցությունը սկիզբ է առել 2011-ին: «Տարիներ առաջ Եվրոպական համալսարանը ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների հետ համատեղ հիմք դրեց եռակողմ համագործակցության: Ձևավորվեց «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնը: Նպատակն էր ՀՀ բուհական համակարգում բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրականացումը: Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիրը տեղեկատվական և հեռահադորդակցության ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման հաջողված օրինակ է, ինչի մասին վկայում է աշխատաշուկայի պահանջարկը», - ասել է Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը: «Սինոփսիս Արմենիայի» և համալսարանի բարձրակարգ մասնագետների բազմամյա համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել մեր հաջողությունները: Այս տարիների ընթացքում 21 ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգևների և ՀՀ պետական կրթական մրցանակների», - ավելացրել է ռեկտորը։ Հեղինե Բիշարյանը նաև նշել է, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցած 4 լսարաններով, որոնց ստեղծման համար ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը հատկացրել է շուրջ 142 մլն դրամ։ Ուսանողներն օգտագործում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության տրամադրած ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ։ Ուսումնական ծրագրերը հասանելի են 4 լեզուներով: «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի 123 շրջանավարտից 110-ն աշխատում են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնցից 67-ը՝ «Սինոփսիս Արմենիայում»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ |