Արցախի բարեկամների համաժողով՝ Ստեփանակերտում

Արցախի բարեկամների համաժողով՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։

Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՅ Դաշնակցությունը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ մոտ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։

Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներ կունենան Արցախի Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։

Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը», և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։

Համաժողովը կընդունի հռչակագիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---