Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության

Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության

PanARMENIAN.Net - Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության: Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է Ստեփանակերտում մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում, որտեղ հանդես է եկել բացման խոսքով:

Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները:

«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը:

Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում:

Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,-ասել է Սահակյանը:

Նա հավելել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները: «Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:

Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը»,-ասել է Արցախի նախագահը:

Նա նշել է, որ անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական, և վստահություն հայտնել, որ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք:

Բակո Սահակյանը համաժողովին մաղթել է արդյունավետ աշխատանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---