Փաշինյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացումը

Փաշինյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են  ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացումը

PanARMENIAN.Net - Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի Հայաստանի համար կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարևորությունը:

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:

«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում և հնարավորություն ունենալ նպաստ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա», - իր խոսքում նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաև հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ կառույցների նոր ղեկավարության հետ ծանոթանալը և այդ համատեքստում առաջիկա փոխադարձ այցելությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունը սատարում է հակամարտության բանակցային գործընթացին և աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարիզում քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները: Այդ նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ։Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվել են բովանդակային քննարկումներ և տեղի է ունեցել մտքերի արդյունավետ փոխանակում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---