ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոտ ապագայում կայցելեն Հայաստան, Ղարաբաղ եւ Ադրբեջան

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոնստրուկտիվ հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, համանախագահները մտադրված են բանակցությունների շարունակման եւ կարգավորման գործընթացի ակտիվացման համար մոտ ապագայում այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան: Ինչպես նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Հայաստանի նախագահը ներկայումս գտնվում է Փարիզում, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ եւ քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: «Մենք հույս ունենք, որ այս նոր գործընթացը, բանակցությունների ակտիվացումը նոր հնարավորություններ կբացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:



Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը, ասվում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հռչակագրում: Ըստ ՌԴ նախագահի, ամենակարեւոր խնդիրը կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծումն է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---