Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել 8 նոյեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 3 անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը: Նախաքննությունն ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է 2016 թվականից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը տարբեր հաստիքներում գրանցել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր բարեկամներին, նրանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, սակայն, նախապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից ամիսներ շարունակ հանրապետությունից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, համայնքի աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ կազմել և վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար համայնքի բյուջեից հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ: Համայնքի աշխատակազմի քարտուղարը, նախապես տեղյակ լինելով նշված անձանց՝ Մյասնիկյանի համայնքապետարանում որպես աշխատակիցներ գրանցված լինելու, սակայն ՀՀ-ից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, կազմել և համայնքի ղեկավարին է հանձնել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ներառելով անընդմեջ փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է 2002- 2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ: Քննության տվյալներով՝ նախկին համայնքապետը նույն համայնքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համապատասխան վճարի դիմաց 5 տարի ժամանակով վերջինիս ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 17հա մակերեսով 5-րդ կարգի գյուղատնտեսական այլ հողեր, սակայն ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այն է՝ չի նախաձեռնել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը, որի պատճառով վարձակալությամբ հանձնված հողատարածքի հետ կապված գույքային իրավունքների գրանցման սահմանափակումներ չեն դրվել: Արդյունքում՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել բնակչի իրավունքներին և օրինական շահերին. փաստացի վարձակալված հողատարածքի սահմաններում, 2018թ. ընթացքում տեղի ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ վաճառքի արդյունքներով, սեփականության իրավունքով, նշված հողատարածքը տրամադրվել է Մյասնիկյան համայնքի մեկ այլ բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մյասնիկյան համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ 315-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |