Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի կառավարությանը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հավասարակշռված մոտեցման համար 6 նոյեմբերի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները` կարեւորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում: ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Բելգիայի հետ ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական, այնպես էլ բազմակողմ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ գործակցության առթիվ:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի կառավարությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես ցուցաբերած հավասարակշիռ մոտեցման համար: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-բելգիական տնտեսական փոխգործակցությանը` նշելով, որ ԵՄ երկրների շարքում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով Բելգիան առաջատար դիրք է զբաղեցնում: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը` որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարեւոր բաղկացուցիչ: Կողմերի խոսքով, հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացարձակապես քաղաքական երկխոսության ճանապարհով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |