Դատավորը մերժել է Քոչարյանի գործով իր ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավորը մերժել է Քոչարյանի գործով իր ինքնաբացարկի միջնորդությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Այս մասին հաղորդել է Aysor.am-ը՝ նշելով, որ Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Փաստաբանը խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ են եղել ինքնաբացարկի միջնորդությանը։

Նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդություն էին ներկայացրել։ Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը` նրան թողնելով կալանքի տակ։ Սեպտեմբերի 20–ին էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էր մերժել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում: Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---