Արսեն Բաբայան. Կալանավորումս մեկ նպատակ ուներ՝ Թովմասյանի հրաժարականը

Արսեն Բաբայան. Կալանավորումս մեկ նպատակ ուներ՝ Թովմասյանի հրաժարականը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, մամուլի ասուլիսում ներկայացնելով իր կալանավորման հետ կապված հարցերը, հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառվող բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն` հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ նրան հեռացնել ՍԴ-ից:

Ըստ Արսեն Բաբայանի, դա քաղաքական հետապնդում է, թեև իշխանությունը ներկայացնում է, թե դա չի կարող քաղաքական լինել, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ, հայտնում է Shantnews.am-ը:

«Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր, չէր կարող գոյություն ունենալ: Դրան հաջորդող ձերբակալությունը ևս խայտառակություն էր, որի հիմքում դրվել էր փախուստը, թաքնվելը: Բայց ո՞վ պիտի փախչեր և ինչո՞ւ պիտի փախչեր: Ինձ 22 օր նստեցնելով` նպատակ ունեին հասնել նրան, որ ցուցմունք տամ՝ իբր խելքը գլուխդ հավաքիր»,- ասել է Արսեն Բաբայանը:

Խոսելով այն մասին, թե ինչ է ինքը նախատեսում անել կալանքից ազատվելուց հետո, Արսեն Բաբայանն ասել է, որ ավելի ակտիվ զբաղվելու է իրավական գործունեությամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել նոյեմբերի 12-ին:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման՝ պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---