ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանը կրթաթոշակներ կտրամադրի Արցախի իրավաբաններին

ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանը կրթաթոշակներ կտրամադրի Արցախի իրավաբաններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցը պարտավորություն է ստանձնել ամբողջական կրթաթոշակներ տրամադրել արցախցի իրավաբաններին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ մագիստրատուրայում սովորելու, ինչպես նաև տարբեր միջնաժամկետ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասնակցելու նպատակով:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:

«Սա Արցախի իրավաբանների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ձեռք բերել մարդու իրավունքներին վերաբերող հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային և ամերիկյան իրավունքի զարգացումներն ու միտումները: ԱՄՆ Հայ իրավաբանների միության և Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի ղեկավարության շնորհիվ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարողությունների զարգացման գործում նոր և արդյունավետ ներդրում կկատարվի, ինչը խիստ անհրաժեշտ է Հանրապետության միջազգային ներգրավվածության բացակայության պայմաններում»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Հուշագրի ընձեռնած հնարավորություններից օգտվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որպեսզի ծանոթանան ծրագրին մասնակցելու պայմաններին ու ընթացակարգերին:

Հուշագիրը ստորագրվել է Արտակ Բեգլարյանի՝ հուլիսին Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործուն աջակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---