Փաշինյան. 1.5 տարում լուծել ենք արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները![]() 29 նոյեմբերի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իր բացման խոսքում ասել է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: «Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում»,-ասել է նա: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին։ «Մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, ոչ միայն լուծել են տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել են կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը: «Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա: Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018-ին ՀՀ կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է: Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին»,-ասել է նա: Վարչապետը հավելել է, որ եկել է մի շրջան, երբ ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դրվեն կառավարության հետագա գործունեության հիմքում: «Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |