ԱԳ նախարար. Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է (վիդեո)

ԱԳ նախարար. Արցախի ժողովորդի  ինքնորոշման իրավունքը  ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է

PanARMENIAN.Net - Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթում՝ ներկայացնելով Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Նախարարը նաև շեշտել է, որ անընդունելի է, երբ Ադրբեջանը խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում՝ Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:

Նա հավելել է, որ դեկտեմբերի 4-ին հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, անցկացրել հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդը 2019-ի ընթացքում:

Իր ելույթում ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել.

Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից»: :

Որպես հայկական կողմի դիրքորոշման հինգերորդ կետ Մնացականյանը նշել է․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ «Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։

Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:

Յոթերորդ. Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով»,-ասել է նախարարն իր ելույթում։

Մնացականյանը հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:

Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարւնակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար»,-ասել է Մնացականյանը Բրատիսլավայում:

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---