Սինանյանը՝ ԱՄՆ-ում. Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացումն ու տարրալուծումը

Սինանյանը՝ ԱՄՆ-ում. Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացումն ու տարրալուծումը

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը, և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը:

Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ քաջ ծանոթ է Հայ-ամերիկյան թանգարանի անցած ուղուն, որի մասնակիցն է եղել նաև ինքը: «Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի թանգարանի նորաստեղծ հանձնաժողովի հետ, քննարկեցինք թանգարանի տեսլականը, խորհուրդն ու անհրաժեշտությունը: Այսօր Ամերիկայի հայ համայնքն ավելի քան երբևէ մոտ է թանգարանի ստեղծմանը, թանգարան, որն ամերիկյան հանրությանը կներկայացնի Միացյալ Նահանգներում հայերի պատմությունը, հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի կյանքում, մշակույթի, գիտության և այլ բնագավառներում: Այսօր հայ ժողովուրդն իր անբաժանելի երկու բաղկացուցիչ մասերով առաջ է շարժվում ավելի վստահորեն, քան երբևէ մեր ժամանակակից պատմության ընթացքում: Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը, անդրադառնալով արտերկրում հայերի ուծացմանը, շեշտել է.«Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է: Թանգարանը ոչ միայն հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»:

Գլխավոր հանձնակատարը ուրախություն է հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա:

Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ: Տարեկան ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հայ համայնքի անդամներ, քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---