Նախարար. Մարալիկում հնարավոր չէ ամբողջությամբ վերակենդանացման ծառայություններ ապահովել![]() 9 հունվարի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Մարալիկի ծննդատան փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին ճանապարհը: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ էր ուղարկել Մարալիկ` հանդիպելու ամբուլատորիայի անձնակազմին: Նախարարի խոսքով՝ ծնունդների թիվն այդտեղ տարեկան չի գերազանցում 100-ը, ու բժշկի, կադրերի, շենքային պայմանների խնդիրներ կան. չնայած դրան, ըստ նախարարի՝ գումարի ներդրումն ու ծննդատան զարգացումը որևէ կերպ չեն անդրադառնա ծնունդների թվի վրա, փոխանցում է Shantnews.am-ը: «Պայմանների վատ լինելը երկրորդական է: Առողջապահությունը կենտրոնացված ծառայության մատուցում է, և հնարավոր չէ ցանկացած ծառայություն մատուցել ցանկացած կետում: Մարալիկում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել, դրա համար պետք է մեծ հիվանդանոց: Եվ, ընդհանրապես, ինչքան ծննդատունը մեծ է լինում, այնքան անվտանգ է այդտեղ ծննդաբերելը, անկախ այդ պահին ունեցած սարքավորումներից»,- ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև հավելել է, որ մարալիկցիների բողոքը գուցե կապված է տեղեկատվության պակասի կամ սխալ մատուցման հետ: «Եթե ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, պետք է նրանց բացատրել, որ սա իրենց շահերից է բխում, և ոչ թե իմ»,- ասել է նա: Թորոսյանը հիշեցրել է, որ այդ որոշումը միանձնյա չի կայացրել, այլ մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, 1.5 տարվա ընթացքում: Առողջապահության նախարարի 2018-ի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բուժկազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար տարեկան առնվազն 150 ծնունդ է պետք։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018-ին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել է՝ հասնելով 105-ի:Բացի այդ, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է: Նյութեր թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |