Ալավերդու պղնձաձուլարանը գործարկելու հարցով չինական կողմի հետ դեռ քննարկումներ են տարվում

Ալավերդու պղնձաձուլարանը գործարկելու հարցով չինական կողմի հետ դեռ քննարկումներ են տարվում

PanARMENIAN.Net - Ալավերդու պղնձաձուլարանը չինացի ներդրողների կողմից գործարկելու բանակցությունները շարունակվում են, ձևավորվում է աշխատանքային խումբ: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Չինական կողմի հետ այս պահին ընթանում են աշխատանքային քննարկումներ՝ գործընթացի իրականացման ձևաչափի, դրա տեխնիկատնտեսական իրագործելիության շրջանակի հստակեցման վերաբերյալ»,- ասաց Հունանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքային կազմով ընդլայնված քննարկում անցկացնել:

Նրա խոսքով՝ նախագծի իրականացման նպատակով ձևավորվում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են պետկառույցներ, նաև հանքարդյունահանող օպերատորների մասնակցություն է նախատեսվում:

2019-ի նոյեմբերին փոխվարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, իսկ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին:

Նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ չինական ընկերությունն ուշադիր հետևում է, թե Հայաստանում ինչ է կատարվում մյուս ներդրողների հետ և դեռ պետք է որոշեն՝ գալիս են Հայաստան, թե` ոչ։ Չինական կողմի հետ բանակցությունները, փաստորեն, ընթացքի մեջ են արդեն 5 ամիս:

2019–ի փետրվարին Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթ է:

2018-ին Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրել էր իր գործունեությունը, ինչի հետևանքով մոտ 630 հոգի գործազուրկ էր դարձել: Սնանկության եզրին հասած «Վալլեքս» ընկերությունը ձուլարանը վարկային պարտավորությունների դիմաց ռուսական ՎՏԲ բանկում էր գրավադրել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ցանկանում է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլարանը: Նոյեմբերին սակայն, «Ի­րա­տե­ս» թերթն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե բան­կը գոր­ծա­րա­նը նվի­րել է «Թե­ղուտ» ՓԲԸ-ի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյա­նի ազգականին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---