Մինչեւ տարվա վերջ կարող է կայանալ Կովկասյան պլատֆորմի հինգ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան պլատֆորմի հինգ անդամ երկրների ներկայացուցիչները, հնարավոր է, որ նախաձեռնության լիարժեք քննարկման համար հանդիպեն ընթացիկ տարվա ավարտին: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: «Թուրքիայի կողմից առաջարկված նախաձեռնությունը համապատասխանում է մեր շահերին, եւ մենք կշարունակենք մեր համագործակցությունը: Մենք նույնպես դրական արձագանք ենք ակնկալում մյուս երկրներից, եւ ես հույս ունեմ, որ հինգ երկրների ներկայացուցիչները քննարկումները կսկսեն մինչեւ այս տարվա վերջ»,- հայտնել է ռուս դիվանագետը:



Վլադիմիր Իվանովսկին նույնպես ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, եւ այդ գործընթացում դրական փոփոխությունների հույս է հայտնել նախօրեին Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Ալի Բաբաջանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումից հետո:



Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, համաձայն թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Ավելի վաղ Վրաստանը հրաժարվել էր Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, բայց ավելի ուշ դիվանագիտական աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնական Թբիլիսին, այնուամենայնիվ, դիտարկում է հանդիպման հնարավորությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---