Փաշինյան. ՍԴ ղեկավարը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել «հիբրիդային հեղաշրջման» մեջ![]() 27 հունվարի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Նախկին իշխանության ներկայացուցիչները փորձ են անում միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ-ին՝ ասելով, թե ներկայիս իշխանությունը անձնական հաշվեհարդարի փորձ է անում ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ՝ հետապնդելով նրան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ավելի վաղ իր կողմից գրչի մասին գրառմանը՝ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր դետալ է ներկայացրել, սակայն պատրաստվում է պատմել ամբողջ պատմությունը՝ ամբողջացնելով մանրամասները: Հունվարի 25-ին վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։ «2018 թվականի մայիսից սկսած, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», - նշել էր վարչապետը Արձագանքելով ծառայություններ մատուցելու մասին հայտարարությանը՝ Թովմասյանը 20 օր էր տվել Փաշինյանին` իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակելու համար, նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան։ Վարչապետն իր հերթին գրել էր, որ կհրապարակի ՍԴ նախագահի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը: Նա խնդրել էր իրեն չմեղադրել «անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»: Փաշինանն ավելի ուշ հրապարակել էր գրիչի նկար՝ նշելով, որ այն Թովմասյանն է իրեն նվիրել: «Նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում»,- գրել էր Փաշինյանը: Ավելի ուշ վարաչապետը նշել էր, որ ինքը շոկի մեջ է՝ գրիչի գինն իմանալով: «Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»,- գրել էր Փաշինյանը։ Ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է, հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չի պահանջել, քանի որ որոշվել է հարցին մոտենալ ինստիտուցիոնալ, իրավական կտրվածքով: Վարչապետը հիշեցրել է, որ նույնիսկ ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չի կարծում, թե Թովմասյանը պետք է հրաժարական տա, և դրա համար քննադատվել էր: «Չնայած այդ հանգամանքին, մեր դիրքորոշումը և անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չէր այս իրավիճակին: Կա իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր մեկ-երկու անգամ ինձ դիմել են և ասել են, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի գտնվելն ապօրինի է, բայց կա նաև այլ հանգամանք՝ իրենք ունեն տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր լինի իրականացնել»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Թովմասյանի՝ ապօրինի կերպով պաշտոն զբաղեցնելու մասին գործով սկսել են զբաղվել այն ժամանակ, երբ ստուգել են տեղեկատվության հավաստիությունը: «Այն պահից, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնում և չի համաձայնելու իր արած կեղծիքները կոծկել, նա սկսեց քաղաքական դաշտում իր համար որոշակի քաղաքական պաշտպանություն փնտրել: Այս ամբողջ պրոցեսը կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում, և տարբեր տեղերում սկսեցին պաշտպանություն փնտրել, որոնք , իմ գնահատականով, ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ անառարկելի փաստ է, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում եղել է կեղծիքով: Փաշինյանն ասել է, որ իրենք որոշել են գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով: «Չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխության հասնել և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն: ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն և ներքաշվել է «հիբրիդային հեղաշրջման» տրամաբանության մեջ: Պետք է հետաքննվի՝ ուր են գնացել, ում հետ են հանդիպել, կարող է պարզվել ՀՀ ազգային անվտանգության հետ կապված խնդիր է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գրիչն այս պատմության դետալ է: Վարչապետի խոսքով՝ այս պատմության մասին իմացել է 3 հոգի, նրանցից երկուսը գործող իշխանության նկատմամաբ «ակնհայտ թշնամանքով են հանդես գալիս»: Խխոսելով նվեր ստացած գրիչի մասին, Փաշինյանը հայտարարել է, որ «սատանան մանրուքների մեջ է», ինքը ցույց էր տվել մանրուքը, սակայն չէր բացել ֆոնը: Նա նշել է, թե ՀՀ-ն չի կարող ունենալ կեղծիքով ընտրված ՍԴ ղեկավար և ուրախ է, որ կուլիսային բանակցությունենրի չի գնացել: Հունվարի 27-ին Թովմասյաին պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ պաշտպանական թիմը հայցադիմում է պատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել էր Մակինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |