Փաշինյան. Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ

Փաշինյան. Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ

PanARMENIAN.Net - Հրայր Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը գրառմանը կցել է նաև «Լուրերի» ռեպորտաժը, որտեղ ներկայացվում են Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները:

Ռեպորտաժում նշվում է, որ 2010-14-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պաշտոնե պատասխանատու է եղել նոտարական գրասենյակների գործունեության համար, սակայն «խոչընդոտել է այն և ճնշել նոտարների» գործունեությունը:

Ըստ ռեպորտաժի՝ ՀՔԾ-ն պնդում է, որ Թովմասյանը, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամաբ վերահսկողությունը, իր սանիկ, նախարարության վերահսկողության տեսչության այն ժամանակվա պետ Նորայր Փանոսյանի միջոցով ստիպել է նոտարներին հրաժարվել դատարան ներկայացված բողքներից: Նշվում է, որ Թովմասյանը նոտարներից գնել է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գրասենյակը՝ ապա այն վարձով տվել նույն նոտարներին: Ըստ մյուս գործի՝ Թովմասյանը նոտարական պալատի նախագահին պարտադրել է վարձակալել փաստացի իրեն պատկանող գույքը:

ՍԴ նախագահի փաստաբանական թիմը ռեպորտաժն անվանել է քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։

«Պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբևէ հանդես չի եկել որևէ հրապարակային պարզաբանմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
---