Նախագահ. Հայերի համար անհասկանալի է՝ ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը![]() 31 հունվարի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը Իսրայելում մասնակցում էր Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին: Սարգսյանն ասել է, որ հայերի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը: «Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառն Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններ են»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդունելով, որ 1949-ի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար: Նախագահը նշել է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կարող են մեկ օր լավ լինել, մեկ այլ օր՝ վատ, սակայն ճշմարտությունը մնալու է, իսկ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,– ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի չկամությունը` կանգնելու Հայաստանի կողքին երկու համեմատելի ողբերգության՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին «համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ պայքարում»: Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Նախագահը նշել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ՝ Իսրայելի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 30 երկիր: 2019-ին վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ևս ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |