ՀՔԾ-ում չեն մեկնաբանում ՊՆ փոխնախարարի կողմից ORSIS-ի նվիրած զենքի յուրացումը

ՀՔԾ-ում չեն մեկնաբանում ՊՆ փոխնախարարի կողմից ORSIS-ի նվիրած զենքի յուրացումը

PanARMENIAN.Net - Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել և միացվել ORSIS-ին առնչվող մեկ այլ գործի: PanARMENIAN.Net ին այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով։

Ավելի ուշ նշվում էր, թե ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել: Նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի հետ կապված հարցին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։ Այս ընթացքում ORSIS-ը նախ հայտնվել էր, ապա 2019-ի դեկտեմբերի 10-ին դուրս էր եկել ՀՀ զենք մատակարարողների «սև ցուցակից»:

«ՀՔԾ-ում գործ հարուցվել է, բայց նաև ORSIS-ի վերաբերյալ մեկ այլ քրգործ է վարույթ ընդունվել, այս նոր գործը կցվել է մեզ մոտ գտնվող քրգործին, բայց այլ մանրամասներ չենք կարող ասել»,- ասաց Օհանջանյանը:

ՀՔԾ մամուլի խոսնակը չմեկնաբանեց ՌԻԱ Նովոստի-ի լուրը, թե ՀՀ ՊՆ փոխնախարարը 2019-ին յուրացրել է ORSIS Arms-ի կողմից ՊՆ-ին որպես նվեր տրված զենքը. նա նշեց, որ լուրը հրապարակվել է անանուն աղբյուրին հղումով:

Ըստ աղբյուրի՝ ORSIS-ի դուստր ընկերությունը համարվող ORSIS Arms-ը ՀՀ ՊՆ-ին, փոխգործակցության ամրապնդման համար, զենք էր նվիրել, որը սակայն, չի գրանցվել ՀՀ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում, այլ յուրացվել է՝ գրանցվելով փոխնախարարներից մեկի անունով:

Ըստ աղբյուրի՝ նոր քրգործը հարուցվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից թանկարժեք նվերի յուրացման և ORSIS-ի փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար: Աղբյուրը նշել էր նաև, որ ՀՀ ՊՆ փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS-ի փաստաբանին համոզել՝ բողոքը հետ վերցնել:

ORSIS ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է ORSIS Arms ՍՊԸ-ն: Այն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն են Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է։ Իսկ Գևորգ Մանուկյանը նախկինում զբաղեցրել է նույն պաշտոնը, ինչ Արթուր Գալստյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---